| |
Քրիստոսի պայծառակերպության տոն կամ Վարդավառ
Վարդավառ` տոն, որը խինդ ու ծիծաղ, անհոգ ժպիտներ է պարգևում
բոլորին, օր, որը նշելիս հայերը, որտեղ էլ բնակվեն,
գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով հյուսված
ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները: Հայերն
առանձնակի են նշում այս օրը: Առավոտյան մասնակցում են պատարագի,
օրհնություն ստանում և հետո իրար վրա ջուր ցողելով` լողում են
գետերում և աղավնիներ բաց թողնում` ի նշան Նոյ նահապետի և
ջրհեղեղի հիշատակի: Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության
տոնը` հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը, նշվեց
այս տարի հունիսի 29-ին: Ըստ եկեղեցական տոնացույցի այն նշվում
է Զատկից 98 օր հետո և քանի որ ունի 35 օրվա շարժունակություն,
կարող է հանդիպել հունիսի 28 օգոստոսի 1-ն ընկած
ժամանակահատվածում:
Երևանի մի շարք համալսարանների ուսանողներ <<Համահայկական
միջազգային երիտասարդական կենտրոն>> ՀԿ-ի կազմում այցելել էին
Արևշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին: Այցելության նպատակն էր
երիտասարդության մեջ առկա սերն առ Աստված էլ ավելի մեծացնել,
մերձեցնել հայ Առաքելական եկեղեցու, հավատի, ազգային արժեքների
պահպանումը <<Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ մշակույթ>> գաղափարի
սերմանումը: Ծրագրի նպատակն է այցելել բոլոր այն եկեղեցիները,
որոնք գտնվում են Հայաստանի մարզերում և չուեն շատ այցելուներ:
Նշենք, որ Արևշատի ս. Աստվածածին եկեղեցին հողեղեն կառույց է
եղել, որի հիմքը դրվել է մոտ 1800-ական թթ. և այն վերածվել է
քարեղեն սուրբ օջախի 2006թ. Հուլիսի 27-ին գյուղի բնակիչ
Սամվել Դավթյանի ներդրումների շնորհիվ, որը գտնվելով Հայաստանի
սահմաններից դուրս, նպաստում է ազգային ոգու և շնչի պահպանմանը: Ինչպես իր խոսքում նշեց քահանա Տեր-Օրդոյանը <<Սուրբ
պատարագին ներկա գտնվելն արդեն իսկ հոգուն հանգստություն և
հոգևոր սննդի պահանջը լրացնելու մասին է վկայում: Շատ գովելի
է, որ մեր երիտասարդությունը Ձեր շնորհիվ ձգտում է աջակից ու
հաղորդակից լինելու իր եկեղեցուն, քանզի եկեղեցի ասելով` մենք
հասկանում ենք ոչ միայն քարեղեն շինություն, այլ նկատի ունենք
մեր ժողովուրդը, մեր հայ հավատացյալ համայնքը, և ձեզանից
յուրաքանչյուրի պարտքն է մեր եկեղեցուն ու հոգևորականության
աշխատանքներին աջակից լինել>>:
Օրվա պատարագի խորհուրդը հետևյալն էր. <<Մեր Տեր Հիսուս
Քրիստոսն իր առաքյալներին երևաց այլակերպ` նրանից լույս
ճառագեց: Այդ այն լույսն է, որ աներևույթ կերպով ներթափանցում
է մեր հոգիները, մեր սրտերը: Եվ իրապես մեր ցանկությունը,
ձգտումը պետք է լինի իրական լոյսի ճառագումը` հավերժ մնալով
հոգիներիս մեջ մեզ հնարավորություն կտա երկնային արքայություն
ժառանգել: Թող որ Աստված Ձեզ առաջնորդի, օրհնի և իմասնությամբ
լցնի Ձեր ուղին>>:
Այո’, իսկապես գովելի է արդեն իսկ այն փաստը, որ կազմավորվում
են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ձգտում են
համախմբել հայ երիտասարդությանն այն մտքի շուրջ, որ նրանք
ճանաչեն, սիրեն ու պահպանեն մեր ավանդույթները, ծեսերը,
ազգային մշակույթը և ներկայացմանն ու ազգայինի պահպանմանն
անգամ օտար ափերում: Այս էր կարևորում <<Համահայկական
միջազգային երիտասարդական կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Անդրանիկ
Նիկողոսյանը:
Էմմա Աղայանց
Նիկոլ Գալանտերյանի
անվան
բեմարվեստի
մանկավարժական համալսարան
29-06-2008
… ՈՒզու±մ
ես գուշակել,
տեսնել մի ժողովրդի ապագան,
նայի’ր նրա երիտասարդությանը:
Սահմանադրություն. Օրենք, որ հիմքն է յուրաքանչյուր
պետության ինքնիշխանության ու պետականության: Օրենք, որով
կարգավորվում են հասարակության մեջ գոյություն ունեցող
ամենահիմնական, առաջնային, գլխավոր հարաբերությունները, օրենք,
որի առաջ բոլորը հավասար են: Հուլիսի 5` օր, երբ ժողովրդի
կողմից հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունը` Մայր Օրենքը: <<Համահայկական միջազգային
երիտասարդական կենտրոն>> ՀԿ-ն այս անգամ ևս իր շուրջն էր
համախմբել շուրջ 200 ուսանող, որոնք ներկայացնում էին տարբեր
ԲՈւՀ-եր: Այս ազգային տոնին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ
Արարատի մարզի Լանջազատ գյուղում:
Հանդիսավոր արարողությունը բացվեց Հայաստանի անկախ
Հանրապետության հիմնով, որը հոտնկայս ձայնակցեցին միջոցառմանը
ներկա հայրենասեր ուսանողությունը: Հիմնից հետո հավաքված
երիտասարդությունն իր ողջույնի խոսքն ուղղեց <<Համահայկական
միջազգային երիտասարդական կենտրոն>>-ի նախագահ Անդրանիկ
Նիկողոսյանը. <<Շնորհավորում եմ բոլորիս ու կոչ եմ անում
բոլոր երիտասարդներին համախմբվել հայոց պետականության
զարգացման, զորավիգ լինելու մեր պետության հզորացման
գործընթացին, նմանատիպ ազգային օրերին միանալ մեզ ու պատշաճ
կերպով տոնել ՀՀ Սահմանադրության և առհասարակ բոլոր տոն-օրերը>>:
Նա կոչ արեց նաև, որ այսուհետ ամեն տարի այս օրը
երիտասարդությամբ համախմբված` բոլորս միասին նշենք ու տոնենք
մեր ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, ինչը ցանկացած հայի
պարտականությունն է:
Այս օրը երիտասարդությանն էին միացել նաև դերասանուհիներ Լալա
Մնացականյանը, Լուիզա ներսիսյանը և սիրված երգչուհի Ալլա
Լևոնյանը, որոնք ստացան շնորհակալագրեր:
ՀԿ-ի կազմակերպչական խմբի անդամ Նելլի Հայրապետյանն
էլ իր հերթին երիտասարդության անունից կոչ արեց բոլորին,
որպեսզի միանան <<Համահայկական միջազգային երիտասարդական
կենտրոնին>> և նրանց հետ միասին կանգնեն պետության, ազգային
պետականության կողքին, քանի որ <<Մենք ենք մեր երկրի վաղվա
տերերը, և մեր երկրի պայծառ ապագան մենք պետք է կառուցենք: Եթե
մենք այսօր համախմբված չլինենք, ոչ մի արդյունքի չենք հասնի:
Ուստի հենց այս պահից սկսած դնում ենք հիմքերն ու կոչ անում
բոլորին միանալ մեզ>>,- ավարտեց ելույթը:
<<Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն>>-ը
այս տոնը համեմեց նաև երաժշտական ելույթներով, ինչպես նաև
կազմակերպվեց ուրախ ժամանցային մրցույթներ, որպեսզի ավելի
հետաքրքրաշարժ ու ակտիվ դարձնի օրը: Կազմակերպված պարի
մրցույթի հաղթողները ստացան գովասանագրեր:
Ինչևէ, մենք էլ մեր հերթին եկեք միշտ հիշենք մի բան`
ժողովուրդն առանց հայրենասիրության նույնն է` ինչ մարմինն
առանց հոգու /Գ. Նժդեհ/:
Էմմա Աղայանց
Նիկոլ Գալանտերյանի
անվան
բեմարվեստի
մանկավարժական համալսարան
05-07-2008
Համախմբման
գաղափարի շուրջ

«Բազեն» կատարում է իր 9—րդ թռիչքը
Իններորդ թռիչքը կատարելով Ջերմուկի գեղատեսիլ բնաշխարհում՝ «Բազեն»
7 օր իր թեւերի տակ կհամախմբի 650 հայ երիտասարդների, որոնք
ինչպես Հայաստանի տարբեր տարածաշրջաններից են, այնպես էլ
Արցախից, Ջավախքից, սփյուռքից։
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը
երեկ ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի եւ
երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Վայոց ձորի
մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը եւ այլք։
Արմեն Գրիգորյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի
ուղերձը, որում ասված էր. «Ողջունում եմ «Բազե—2008»
համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցերին եւ
կազմակերպիչներին։ Կարեւորում եմ հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ
հայ երիտասարդության համախմբման գաղափարը եւ գործը՝ որպես
համազգային ներուժի կազմակերպման եւ բացահայտման կարեւոր
բաղադրիչ։ Ուրախ եմ, որ ավանդական դարձած համահայկական այս
հավաքը ընդայնում է իր աշխարահագրությունը, ընդգրկում նոր
գաղթօջախներ եւ մեծաթիվ մասնակիցներ։ Համոզված եմ, որ հավաքի
ծրագրի հագեցվածությունն ու մարզական, մշակութային,
ինտելեկտուալ մրցույթների բազմազանությունը մասնակիցներին
հնարավորություն կընձեռեն դրսեւորելու իրենց ունակություններն
ու գիտելիքները, ինչպես նաեւ շփվելու եւ տեղեկատվություն
փոխանակելու միմյանց հետ։ Տեղյակ եմ եւ մեծապես կարեւորում եմ
«Բազե—2008»-ի շրջանակներում բանավեճերի, քննարկումների,
հանդիպումների նշանակությունը, հոգեւոր եւ հայրենասիրական
դաստիարակության, Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացմանն
ուղղված միջոցառումների շարքը։ Մենք բաց ենք քննարկումների
արդյունքում վեր հանած ձեր առաջարկների եւ գաղափարների առջեւ։
Համոզված եմ, որ հայ երիտասարդության համախմբմանն ուղված «Բազե-2008»
համահայկական երիտասարդական հավաքը կծառայի իր բուն նպատակին։
Կրկին ողջունելով «Բազե»-ին՝ մաղթում եմ բարձր թռիչք, հավաքի
մասնակիցներին՝ մեր հայրենիքի եւ ապագայի նկատմամբ խոր
համոզվածություն»։
Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ
եպիկոսպոս Մկրտչյանը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը, որում Վեհափառն իր
հայրապետական օրհնությունն էր հղում հավաքի մասնակիցներին եւ
կազմակերպմանը գովելի աջակցություն բերած բոլոր հայորդիներին։
«Երիտասարդությունը նույնպես իր մեծ դերն ունի
հայապահպանության եւ հայ մշակույթի զարգացման կարեւոր
առաքելության մեջ։ Սիրելի զավակներ մեր, դուք մեր հայրերից
հարուստ ժառանգություն եք ստացել՝ ոսկեղենիկ հայոց լեզուն,
հոգեւոր անգին արժեքներ, գիրն ու դպրությունը եւ բազմագանձ մեր
մշակույթը։ Ձեր աստվածաշնորհ կյանքի ընթացքը դուք պիտի
արժեւորեք եւ նոր ձեռքբերումներով հարստացնենք ձեզ ավանդածը,
որպես մեր նախնիների արժանավոր հետեւորդներ»,–ասված էր Ամենայն
հայոց կաթողիկոսի ուղերձում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունելով բազեականներին՝ նշեց,
որ տպավորված է այն խանդավառությունից, որ տիրում է
երիտասարդների շարքերում։ «Այս ամենը ոգեւորիչ է։ Մտածում էի
մեր երկրի ապագայի մասին, որովհետեւ այն կլինի այնպիսին,
ինչպիսին դուք եք պատկերացնում։ Այն արժեքները, որ կա ձեր մեջ,
հենց այդպիսի Հայաստան էլ դուք ստեղծելու եք։
...Ոգեւորված եմ նաեւ, որովհետեւ այն գաղափարները, որոնք ձեզ
միավորել են այստեղ, ընկած են նորակազմ կառավարության ծրագրի
հիմքում»,–ասաց Տ. Սարգսյանը՝ ուրախությամբ ընդգծելով, որ
նմանատիպ հավաքները հնարավորություններ են ընձեռում աշխարհով
մեկ սփռված հայերին համախմբելու։
Բազեականները Ջերմուկում կմրցեն, նկարչությունից,
նորաձեւությունից, երգից, պարից, քանդակագործությունից։
«25 ակումբ» հասարակական կազմակերպությունը համահայկական
հավաքի ընթացքում կազմակերպել է նաեւ արյունատվության ակցիա,
որի առաջին դոնորը եղավ ՀՀ վարչապետը։ Արյունը կհանձնվի ՀՀ
առողջապահության նախարարության՝ պրոֆեսոր Յոլյանի անվան
արյունաբանական կենտրոնին։ «Այստեղ արյունը հավաքելուց հետո
մենք Երեւանում լաբորատոր հետազոտության արդյունքում կպարզենք,
թե մեր ցուցակում գրանցված մարդկանցից ովքեր կարող են մեզ
դոնորներ դառնալ։ Համենայն դեպս, ողջունելի է, որ վարչապետը իր
քայլով խրախուսեց երիտասարդներին, որ այս քայլը եւ հայրենանվեր
գործ է»,–ասաց «25» ակումբի հիմնադիրներից Աննա Սահակյանը։
Հավաքի մյուս օրերին նախատեսվում է, որ մասնակիցներին կայցելեն
նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սփյուռքի հետ
կապերի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը, այլ բարձրաստիճան
պաշտոնյաներ։
Հայկական եռագույնը, ինչպես «Բազե» համահայկական հավաքի տնօրեն
Արթուր Սողոմոնյանը հայտնեց, կծածանվի Ջերմուկում երկրորդ
անգամ։
Ինչպես «ՀՀ»–ին հայտնեց Արթուր Սողոմոնյանը, այս անգամ հավաքի
ծրագրում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ. օրինակ,
բանավիճային ակումբը տեղափոխվել է մրցակցային դաշտ։ Հավաքին
մասնակցող ջոկատներն այս տարի բաղկացած են լինելու ոչ թե 12–ական
հոգուց, այլ 9, ավելացել է ջոկատների քանակը։ Հավաքի ղեկավարը
նաեւ հայտնեց, որ մասնակից բազեականները վերջին օրը
ուխտագնացություն կկատարեն, եւ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում
մոտ 50 մասնակիցներ կմկրտվեն։
Նշենք նաեւ, որ 650 բազեականներից այս տարի 150–ը
սփյուռքահայեր են։
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Ջերմուկ–Երեւան
Հայաստանի
Հանրապետություն օրաթերթ
12-07-2008 |
|