| |
Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ.
հզոր ինտելեկտի եւ առաքինության
միասնությունը
Այս տարի լրանում է
աշխարհռչակ գիտնական,
Հայաստանի գիտությունների
Ակադեմիայի նախագահ Վիկտոր
Համբարձումյանի ծննդյան
հարյուր տարին։ Այդ հոբելյանը
նշում են հայ ժողովուրդը,
Հայաստանի, եւ ոչ միայն նրա,
այլեւ ողջ աշխարհի գիտության
եւ կրթության բնագավառների
կոլեկտիվները։
ՀՀ ԳԱԱ «Գիտություն»
հրատարակչության լույս
ընծայած «Ժամանակը, մարդը եւ
նրա գործը» մեծածավալ
աշխատության մեջ հեղինակը՝
փիլիսոփայական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր Միքայել
ՄԻՆԱՍՅԱՆԸ, ներկայացնում է
հանրապետության սոցիալ—քաղաքական,
գիտության, բարձրագույն
կրթության, արվեստի եւ
գրականության բնագավառների մի
շարք նշանավոր գործիչների
կոնկրետ ժամանակաշրջանում
կատարած աշխատանքը, այն
քննարկում է ժողովրդի
կենսական նշանակություն
ունեցող սոցիոլոգիական—ազգային
արժեւորման համատեքստում։
Գիրքն իր ամբողջության մեջ
գրված է «Հիշողությունն
ընդդեմ մոռացության»
նշանաբանով։ Հիմքերը տարիներ
շարունակ իրականացված
սոցիոլոգիական
հետազոտությունների,
հուշագրությունների եւ
արխիվային նյութերի
ընդհանրացումներն են։
Տրամաբանական է ու գործնական,
արդար է ու ազնիվ հեղինակի
առաջադրած խնդիրը՝ ընթերցողին
ներկայացնել նշված
երախտավորների կյանքի ու
գործի, ապրած ժամանակի
նկարագիրը որպես սոցիալ—ազգային,
բարոյա—հոգեբանական արժեքի,
փորձի ու գիտելիքի։ Սա ինքնին
առարկայացված հիշողություն է
ընդդեմ մոռացության, առաջինի
պայքարն է երկրորդի դեմ։
Այստեղ որոշիչ դեր է կատարում
աշխատության այն
առանձնահատկությունը, որ նրա
համար հույժ կարեւոր
նշանակություն ունեցող
սկզբնաղբյուր է ծառայել
առաջնային տեղեկատվությունը։
Այն հագեցած է մեր ժողովրդի
վաստակաշատ անհատների,
նրանցից ընտրյալների հետ
բազմաթիվ տարիների ընթացքում
պրոֆեսոր Մ. Մինասյանի
հաճախակի հաղորդակցման, ջերմ
հարաբերությունների,
հանդիպումների,
խորհրդածումների, մտորումների
վերլուծություններով։ Այդտեղ
քիչ չեն երբեք հանրության
սեփականությունը չդարձած
փաստերը, երեւույթները, որոնք
օգնել են երեւան հանելու շատ
ճշմարտություններ եւ
իրողություններ։ Դրանց
օգնությամբ ցույց են տրվել
կոնկրետ անհատականությունների
սոցիալ—քաղաքական, ազգային—բարոյական
ինքնությունը, վերջինը նաեւ
նրանց կյանքի ու գործի առավել
կարեւոր կողմերի
բնորոշիչներով։ Այս ամենն,
իհարկե, ժամանակի մեջ,
ժամանակի միջավայրում*։
Ուսանելի են հնչում «Գիրք
ճանապարհի» տողերը —
աշխատությունը արժեւորված
կոնկրետ դասերով
հայրենասիրության, ազգային եւ
անձնական արժանապատվության
մտահոգություն ունի…
Հիշատակված առումներով
ուրույն տեղ ունի այն
հուշագրությունը, որը
վերաբերում է հայ ժողովրդի
մեծ երախտավոր Վիկտոր
Համբարձումյանին։
Սովորական մարդ էր, սակայն երբեք
չընկալվեց որպես սովորական
Վիկտոր Համբարձումյանի հետ իմ
հաղորդակցման սկիզբը 1953
թվականն է, որն այնուհետեւ
շարունակվել է մոտ 40 տարի։
Աշխատում էի կուսակցության
Երեւանի Կիրովյան շրջանային
կոմիտեում եւ զբաղվում էի
գիտության, կրթության եւ
մշակույթի հարցերով։ Մեր
շրջանում էին գտնվում
Հայաստանի գիտությունների
ակադեմիայի նախագահությունը,
բազմաթիվ գիտահետազոտական
ինստիտուտներ եւ Երեւանի
բոլոր բարձրագույն
ուսումնական
հաստատությունները։
Բյուրականի աստղադիտարանը,
հայտնի է, տեղաբաշխված էր
Աշտարակի շրջանում։ Սակայն,
նկատի ունենալով մեր շրջանի
նշված բնույթը, Վիկտոր
Համբարձումյանը Կենտկոմին
խնդրել էր, որպեսզի
Բյուրականի աստղադիտարանի
կուսակցական
կազմակերպությունը լինի
Կիրովյան շրջկոմի
տնօրինության ներքո։ Այդպես
էր աստղադիտարանի կազմավորման
առաջին տարիներից, որի
հիմքերը դրվել են դեռեւս
1944—ին՝ Վիկտոր
Համազասպովիչի
նախաձեռնությամբ եւ անմիջական
ղեկավարությամբ։
Եվ ահա պաշտոնի բերումով, Վ.
Համբարձումյանի հորդորով,
Բյուրական մեկնեցինք շրջկոմի
առաջին քարտուղար, գիտության
դոկտոր Լեւոն Բաբայանը եւ ես։
Վիկտոր Համազասպովիչի հետ
էինք մի քանի ժամ, մոտիկից
ծանոթացանք աստղադիտարանի
աշխատանքներին, նրա
կոլեկտիվին, որի նկատմամբ
տնօրենի հոգատարությունը
նկատելի էր։ Ինձ համար առավել
կարեւոր էր տարիների իմ
երազանքի իրականացումը՝
նշանավոր գիտնականի հետ ոչ
միայն ծանոթացել էի, այլեւ
ժամեր շարունակ մոտիկից
վայելել նրա ներկայությունը,
լսել նրա իմաստուն խոսքն ու
զրույցը։ Մի խոսքով, լցված էի
հպարտությամբ, ապրում էի
հոգեկան մեծ բավականություն՝
հյուրընկալվել էի Հայաստանի
ամենահեղինակավոր մարդու
կողմից։ Այնուհետեւ, մեր
պաշտոնական, նաեւ անպաշտոն
ջերմ հարաբերությունների
վերածված հանդիպումներն
ընդգրկեցին բազմաթիվ տարիներ։
Չնայած հանդիպումների մեծ
հաճախականությանը եւ
բավականին հարուստ
բովանդակությանը, Վիկտոր
Համբարձումյանը, լինելով
սովորական մարդ, ինձ համար
երբեք չդարձավ սովորական,
ավելի ու ավելի խորացան
հարգանքը, ակնածանքը նրա
նկատմամբ։ Այստեղ վճռորոշ դեր
էին կատարում ժողովրդի մեջ,
ամբողջ Հայաստանում այն
վերաբերմունքը,
իշխանությունների,
կուսակցական ղեկավար
մարմինների կողմից մշտապես
դրսեւորվող անսահման պատիվն
ու հարգանքը։ Ես նրանից բացի
չգիտեմ այլ անձնավորություն,
որն արժանացած լինի այդպիսի
մեծարանքի։
Ակադեմիայի նախագահը մեծ
գիտնական էր, սակայն ամբողջ
հասարակության կողմից
ընկալվում էր որպես ոչ
հողեղեն, որպես ոգի։
Հայաստանում գիտության
բնագավառում եղել են այլ
մեծություններ եւս, բայց նման
ընկալում եւ այդպիսի
տեւողությամբ եւ
ընդգրկումներով՝ չի եղել
երբեք։ Այստեղ վճռորոշ դեր է
կատարել նրա մոտ մշտապես
գործող հզոր խելքի ու առաքինի
վարքի ներդաշնակությունը,
տասնամյակների ընթացքում ոչ
միայն սեփական, այլեւ ողջ
ակադեմիայի գիտական վաստակի
անշեղ հարստացումը,
համաշխարհային ճանաչման
արժանանալու անսասան
իրողությունը։
Հպարտ էր ու ազատ, սակայն
մարմնավորում էր բարձր
պետականություն եւ
կարգապահություն
Երեւելի գիտնականն ու
գիտության մեծ կազմակերպիչը
ակադեմիայի բազմահազարանոց
բարդ կոլեկտիվը հաճախ
ղեկավարում էր սոսկ իր
հեղինակությամբ։ Ավելացնեմ,
որ նա այդ միջոցով, նույն
գործառությունը իրականացնում
էր ամբողջ Հայաստանի
գիտության նկատմամբ, օժտված
չլինելով նման կարգավիճակով։
Հայաստանի գիտությունը, որպես
նրա աներեր լիդերի,
ներկայացնում էր բովանդակ
Խորհրդային Միությունում եւ
համաշխարհային մասշտաբով։
Հաճախ էլ այս նույն
մակարդակում, ոչ քիչ
պարագաներում, ներկայացնում
էր Խորհրդային Միության
գիտական միտքը։
Վիկտոր Համբարձումյանը
պետականության եւ
կարգապահության, բարձր
քաղաքացիականության եւ
ազգայնականության անօրինակ
մարմնավորումն էր։ Միաժամանակ
հպարտ էր ու ազատ, նրա
հոգեփոխումները միշտ ունեցել
են զարգացման ճիշտ այդպիսի
ուղղվածություն։ Նշանավոր
գիտնականի այս բնորոշիչները
ամբողջ կյանքում ու գործում
գտնվել են իրացման ընթացքում։
Լիարժեք դրսեւորվել են իրատես
ու հստակ մտածողության,
երեւույթներին ու
իրադարձություններին, գիտական,
քաղաքական եւ բարոյական
գործընթացներին սպառիչ
ախտորոշումներ եւ
բնորոշումներ, համոզիչ
բանաձեւումներ տալու
գործողությունների մեջ։
Երբ զուգորդվում են ազգային–քաղաքական
իմաստնությունն ու կամքը
…Ահա ազգային—քաղաքական խիզախ,
ինքնուրույն դիմագծի
դրսեւորում Ղարաբաղի եւ նրա
շուրջը ծավալված
իրադարձությունների ժամանակ...
Խորհրդային զորամասերը,
ադրբեջանցիների հետ միասին,
սպանում, բանտում են հայ
ժողովրդի ազատության ձգտող մի
ամբողջ հատվածի։ Մոսկովյան
իշխանությունների կողմից մեր
ժողովուրդը մեղադրվում է
ազգայնամոլության,
ծայրահեղականության մեջ։ Կարո՞ղ
էր արդյոք նրա հոգեւոր—ինտելեկտուալ
առաջնորդներից մեկը, ժողովրդի
մոտ որպես սուրբ տեր ու
հեղինակություն ճանաչված անձը
մեկուսանալ, խուսանավել այդ
օրհասական պահերին։ Վիկտոր
Համբարձումյանը, այլ «առաջնորդների»
կերպով, չգնաց անձնական
բարօրություն բերող դասալիքի
ճանապարհով։ Հիասթափված
բողոքի այլ ձեռնարկումների
նկատմամբ կենտրոնական
իշխանությունների կողմից
ցուցաբերված հանցագործ
անտարբերությունից եւ
եղեռնագործ միջամտությունից,
խիզախ գիտնական—ազգայինը
հրաժարվեց ԽՍՀՄ Գերագույն
խորհրդի պատգամավորի
կարգավիճակից,
համամիութենական եւ ավելի մեծ
հնչեղություն ստացած հացադուլ
հայտարարեց եւ ի տես
համաշխարհային հասարակական
կարծիքի՝ չհեռացավ Մոսկվայից։
Բարոյահոգեբանական անաղարտ
խառնվածքի խնդիր է
Հոգուս վրա չմոռացված նստվածք
է թողել Հայաստանի կոմկուսի
գերագույն ղեկավար մարմնի՝
Կենտկոմի այն պլենումը, ուր
կապված Ստալինի պաշտամունքի
խնդիրների հետ՝ քննարկվում էր
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի
առաջին քարտուղար Գրիգոր
Հարությունյանին աշխատանքից
ազատելու հարցը։ Հարկավոր էր
տեսնել ու լսել, թե
դավաճանական ինչպիսի «լիցքերով»
եւ «համարձակությամբ»
Կենտկոմի շատ անդամներ իրենց
ելույթներում՝ մրցակցելով
միմյանց հետ, զազիր դեմքերը
հառած Մոսկվայի
ներկայացուցիչներին, նախկին
դարձող իրենց ղեկավարին
մեղադրում էին հայ ժողովրդի
երդվյալ թշնամի Լավրենտի
Բերիայի դրածո լինելու,
Հայաստանում նրա
քաղաքականությունն
իրականացնելու մեջ։ Մարդկային
կերպարները կորցրած՝
արժեզրկում, վարկաբեկում էին
այն մարդուն, որի դերը
հսկայական էր եղել Հայաստանի,
նրա մայրաքաղաքի
կառուցապատման, բարգավաճման,
մշակութային կյանքին վերելք
հաղորդելու գործում, դիրք ու
պաշտոն էր տվել այդ
մեղադրողներից
յուրաքանչյուրին, եւ
ժողովուրդը նրան «Գրիգոր
շինարար» էր կոչել։ Նրանք
բոլորը, առանց խղճի խայթի,
քվեարկեցին նրան աշխատանքից
ազատելու օգտին։ Սակայն
նրանցից միայն մեկը, միայն մի
մարդ, չդավաճանեց հայ
ժողովրդի այդ երախտավորին,
չդավաճանեց ճշմարտությանը,
ինքն իրեն, չուրացավ այդ
առաքինի մարդու վաստակը իր
ժողովրդի համար։ Նա դեմ
քվեարկեց Գրիգոր
Հարությունյանին աշխատանքից
ազատելու Մոսկվայի, այդ
պլենումին նրա ղեկավարության
անդամ Պ.Պոսպելովի
առաջարկությանը։ Այդ եզակին
տաղանդաշատ գիտնական եւ
առաքինի մարդ, արժանապատիվ
կեցվածքով օժտված Վիկտոր
Համբարձումյանն էր։
Սա արդեն բարոյահոգեբանական
անաղարտ խառնվածքի խնդիր է։
Նույնը կատարվեց քսան տարի
անց։ Հայաստանի կառավարության
նախագահ, ժողովրդի մեջ մեծ
հեղինակություն վայելող Բադալ
Մուրադյանին պաշտոնանկ անելու
նպատակով անմաքուր
կարիերիստները նրա դեմ
մեղադրանքներ էին հյուսել։ Դա
կատարվել էր Բ. Մուրադյանի
աճող հեղինակությունից
վախեցող կոմկուսի ղեկավարների
միջոցով եւ թողտվությամբ։
Համոզվելով անազնվության դեմ
պայքարի անհնարինությանը,
կառավարության նախագահը
պաշտոնից ազատվելու
հրաժարական ներկայացրեց։
Կոմունիստական Հայաստանի
պատմության մեջ դեռեւս չէր
եղել կառավարության նախագահի
բարձր պաշտոնից ինքնակամ
հրաժարվելու նախադեպ։ Հարցը
քննարկվում էր Հայկոմկուսի
նույն, սակայն այլ կազմով
պլենումում։ Իրենց պաշտոնների
համար դողացող, վախվորած
Կենտկոմի անդամները
քվեարկեցին Բադալ Մուրադյանին
աշխատանքից ազատելու օգտին։
Ուրացվեց, մոռացության
մատնվեց հօգուտ ժողովրդի
տասնամյակներ շարունակ
կատարված աշխատանքը։ Կարծես
չէր եղել երկար ժամանակ
գովասանքի արժանացած նրա
վաստակը։ Սակայն ազնվությունն
ու արժանապատիվ կեցվածքը
չանցավ մինչեւ վերջ։ Կենտկոմի
անդամներից միայն մեկն էր, որ
դեմ քվեարկեց, չքվեարկեց
Բադալ Մուրադյանին աշխատանքից
ազատելու օգտին՝ դա նորից
Վիկտոր Համբարձումյանն էր։
Քաղաքակիրթ էր, զուսպ, հետաքրքիր
խոսող էր, նաեւ՝ ուշադիր լսող
Ակադեմիայում, կուսակցության
կենտկոմում, մեր շրջկոմում
նրա ելույթները մտածելու
գործընթացներ էին, մտածել
սովորելու ամբողջական
գործընթացներ։ Կարծես ոչ
կարեւորի մասին էր խոսում,
մինչդեռ յուրաքանչյուր բառը
բացահայտում էր նոր վիճակներ։
Բնորոշ էր իր նմանը չունեցող
կիրթ հայերենով կամ նույնպիսի
ռուսերենով խիստ կարճ,
համառոտ նախադասությունների
օգտագործումը։ Շոշափում,
հաղորդակցվում էր բազմաթիվ
շահերի, մարդկանց հետ, սակայն
վերջում կենտրոնանում էր
միայն մեկի, հիմնականի վրա։
Խիստ քաղաքավարի, քաղաքակիրթ
էր, զուսպ։ Որեւէ տեղ եւ
որեւէ ժամանակ չի լսվել որեւէ
մեկին ուղղված նրա
վիրավորական կամ կոշտ խոսքը։
Միշտ խոսում էր հստակ, սակայն
ցածր ծայնով եւ դրանով
լռեցնում մարդկանց, չնայած
դրա կարիքը հազվադեպ էր
լինում։ Ուշագրավ էին
ելույթները, հետաքրքիր խոսող
էր եւ, որ կարեւոր է, նաեւ
հետաքրքիր լսող էր…
…Բարոյահոգեբանական ծանր
վիճակ էր ստեղծվել ակադեմիայի
շինանյութերի եւ
կառուցվածքների
գիտահետազոտական ինստիտուտում։
Լարված փոխհարաբերություններն
էին իշխում մի կողմից
տնօրինության՝ ակադեմիկոս
Միխայիլ Սիմոնովի,
պրոֆեսորներ Վարոս Փինաջյանի,
Զավեն Հացագործյանի եւ մյուս
կողմից՝ կուսկազմակերպության
ղեկավարների՝ հանձինս
գիտության դոկտոր Լավրենտի
Սեդրակյանի միջեւ։ Տեւական
բնույթ կրող վեճերի,
հակասական վիճակների պատճառը
գիտական հետազոտությունների
նպատակադրումների եւ
ինստիտուտի տարբեր բաժինների
կողմից կատարված աշխատանքների
ոչ միասնական գնահատումներն
էին, փոխադարձ վստահության
պակասը, հակակրանքը միմյանց
նկատմամբ, տնօրինության
գործերին կուսկազմակերպության
ոչ տեղին միջամտությունները։
Երկու օր անընդհատ
քննարկումներից հետո, որոնց
մասնակցում էինք Վիկտոր
Համազասպովիչն ու ես, շնորհիվ
նրա հմուտ ուղղորդումների,
երբ որպես առաջնային
գնահատվեցին գիտական
աշխատանքների կազմակերպման,
դրանց արդյունավետության
բարձրացման խնդիրները, կրքերը
կարծես հանդարտվեցին։ Որոշ
ժամանակ անց ինստիտուտում
բարոյահոգեբանական մթնոլորտը
գնալով բարվոք էր դառնում։
Ինձ մեծ հաճույք էր պատճառում
ինստիտուտում մի քանի անգամ
մեր համատեղ լինելուց հետո
Վիկտոր Համբարձումյանի
գոհունակությունը։
Ի պաշտպանություն գիտության ու
նրա երեւելիների
Վիկտոր Համբարձումյանի հետ
ունեցած բազմաթիվ
հանդիպումների շարքում
հիշողությունիցս երբեք չի
ջնջվում մեկ այլ նշանակալիցը
եւս, որը կապված է ակադեմիայի
լեզվի ինստիտուտում առաջացած
խնդիրների լուծումների հետ։
Նորից պահանջվում էին համատեղ
այցելություններ, համատեղ
միջամտություններ։ Այստեղ
ստեղծված իրավիճակը շատ էլ
չէր տարբերվում շինանյութերի
եւ կառուցվածքների
ինստիտուտում ստեղծվածից։
Բանն այն է, որ ինստիտուտի
կուսակցական կազմակերպության
երկու կին անպտուղ գիտական
աշխատակից ղեկավարներ
նյարդային ծանր պայմաններ էին
ստեղծել կոլեկտիվում եւ
առանձնապես տնօրեն,
ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանի
համար։ Գիտության բնագավառում
իրենց համար ստեղծված
իրավիճակից, որը չէր
հանդուրժում տնօրենը, փորձում
էին դուրս գալ՝ կուսակցական
ղեկավարման անվան տակ
ճնշումներ գործադրելու
միջոցով լռեցնել տնօրենին։
Իսկ Վիկտոր Համազասպովիչի
համար առաջնային
նշանակություն ունեցողը
գիտության մեջ կատարած
ներդրումներն էին, եւ ահա նա,
չնայած հիշյալ ճնշումները
նաեւ իր վրա օգտագործելու
միանգամայն տեսանելի
դրսեւորումներին,
անվերապահորեն պաշտպանության
տակ վերցրեց ակադեմիկոս
Ղափանցյանին։ Այստեղ ուզում
եմ չմոռանալ նաեւ իմ
աջակցության կարեւորությունը։
Իմիջիայլոց, առաջին եւ վերջին
անգամ այդ կուսակցական
կազմակերպության ղեկավար
կանանց կողմից եմ տեսել
անհարգալից վերաբերմունք
Վիկտոր Համբարձումյանի
նկատմամբ։ Այդ պահերին
բարոյահոգեբանական ծանր վիճակ
ստեղծվեց Վիկտոր
Համազասպովիչի եւ ինձ համար,
լռվել էինք, այնքան
հանկարծակի էր այդ
վերաբերմունքի տհաճ
դրսեւորումը, որ մենք ոչ մի
խոսք արտասանել չկարողացանք…
Մեր զրույցների ժամանակ
Վիկտոր Համազասպովիչը ցույց
էր տալիս ակադեմիկոս
Ղափանցյանի ամենաբարձր
մակարդակի լեզվաբան լինելը։
Եղել էր գիտությունների
ակադեմիայի հիմնադիր
անդամներից, նրա սակավաթիվ
առաջին ակադեմիկոսներից մեկը։
Վիկտոր Համազասպովիչի, նաեւ
ինձ համար, պարզ էր, որ
հիշյալ փոխհարաբերություններն
իջել էին անձնական
կոնֆլիկտների մակարդակի, ուր
Գ.Ղափանցյանը դրսեւորում էր
դյուրահավատություն եւ
անպաշտպանվածություն։ Վիկտոր
Համազասպովիչը գոհ էր, որ
մերժվեց կուսակցական նման «ղեկավարումը»
եւ ակադեմիկոսի համար սկսեցին
ստեղծվել գիտական աշխատանքի
նորմալ պայմաններ։
Լեզվի ինստիտուտում
աշխատանքների «կուսակցական
ղեկավարման» վերեւում
ներկայացված տեսակը երբեմն—երբեմն
զգացնել էր տալիս իր
բացասական ազդեցություններով։
Իմ աշխատանքի փորձը ցույց է
տալիս, որ ղեկավար աշխատանք
կատարող կանայք հեշտությամբ
չեն ընդունում իրենց, թեկուզ
ժամանակավոր, նահանջ—պարտությունը
եւ հարմար պայմաններում նորից
գլուխ են բարձրացնում։ Սխալ
են, թե ճիշտ, նշանակություն
չունի։ Քանի դեռ չեն հաղթել,
չեն հանգստանում։ Սա մի
կողմից եւ մյուս կողմից
ակադեմիկոս Ղափանցյանի հետ
հանդիպելու իմ ներքին
մղումները հաճախակի էին
դարձրել լեզվի ինստիտուտ իմ
այցելությունները։ Զրույցներ
ինստիտուտից բացի տեղի էին
ունենում շրջկոմում. տեսնելով
իր նկատմամբ անվերապահ
հարգանքն ու օգնելու
պատրաստակամությունը՝
ակադեմիկոսն էլ հաճախակի էր
այցելում մեզ։
Չեմ մոռանում, այդ պահերին եւ
ապա երկար ժամանակ ապրումներ
էի ունենում, երբ հիշում էի
պարթեւահասակ, պատկառազդու
հանրահայտ լեզվաբանի՝ շրջկոմ
այցելությունները։ Նրան ոչ ոք
չէր պարտադրում գալ, գալիս էր
սեփական նախաձեռնությամբ՝
անհանգստացած կուսակցական
ղեկավար կանանց՝ դեռեւս
չդադարած ոտնձգություններից։
Իր նկատմամբ ցուցաբերված ջերմ
վերաբերմունքը նրան լիահույս
էին դարձրել, որ մեզանում
միշտ կգտնի անհրաժեշտ
պաշտպանություն։ Այստեղ
որոշիչ դեր էին կատարում
խնդրի լուծումներում
ակադեմիայի ղեկավարի
առարկայական, իր նկատմամբ
ցուցաբերած մեծ հարգանքի
դրսեւորումները։
Ներս էր մտնում՝ խորը շնչելով
բարձրանալով չորրորդ հարկ,
իսկ արտաշնչումների ձայնը
դառնում էր լսելի եւ նույնիսկ
տեսանելի։ Իսկույն նստում էր,
հանգստանում եւ ապա փորձում
իմանալ՝ արդյո՞ք նոր
դիմումներ չեն գրվել։ Տեղյակ
էր պահում կուսակցական
քարտուղարների
բանսարկությունների
շարունակման, իրենց շուրջը
որպես գիտության աշխատողի
անարժեքներին համախմբելու
մասին։ Հանգստացնում էի,
խաղաղվում էր, սակայն զգում
էի, որ կասկածներից չէր
կարողանում ինքզինքն ազատել։
Աչքը վախեցած էր, քանի որ այդ
օրերից շատ կարճ ժամանակ առաջ
իրեն ծանր մեղադրանքներ էին
ներկայացվել լեզվաբանության
մեջ կոպիտ սխալների,
բուրժուականին հարող
խեղաթյուրումների վերաբերյալ
եւ նույնիսկ զրկել էին
դասախոսական աշխատանք
կատարելու հնարավորությունից։
Այժմ գոհունակությամբ էր
խոսում իրեն համալսարանում
դասախոսական աշխատանքի
վերականգնելու եւ ինստիտուտի
տնօրեն նշանակելու մասին։
Այնուամենայնիվ, հոգին
դառնացած էր, այս նոր
կատարվողը վերակենդանացնում
էր նախկին անազնիվը… Լավ է,
որ մեծ գիտնականը գտավ
անհրաժեշտ պաշտպանություն եւ
իր գործով զբաղվելու լիարժեք
հնարավորություն։
Չկա չարիք առանց բարիքի։ Այս
իրադարձություններից հետո Գր.
Ղափանցյանի հետ իմ
հարաբերությունները դարձան
ավելի քան ջերմ։ Նախաձեռնում
էի պաշտոնական եւ անպաշտոն
հանդիպումներ, զգում էի, որ
դրանք՝ մեր զրույցները, իր
համար եւս ընդունելի են...
Վարքը, կեցվածքը ընդգծված
արիստոկրատիկ էր, կարծես
արտաքինը հարիր չէր ոգուն,
հոգեւոր խառնվածքին։ Չնայած
տարիքային մեծ տարբերությանը՝
խիստ անհարմար վիճակ էր
ստեղծում, երբ ինձ իր
աշխատասենյակում տեսնելով՝
ոտքի էր կանգնում միայն
քաղաքավարության մղումներով,
այլապես նրա համար նման
ընդունումը՝ տարիքը եւ
առողջական վիճակը ճնշում էին։
Ազգանունը շատ էր
համապատասխան իրեն, միայն
դրանով պատկառանք էր
ներշնչում։ Յուրօրինակ էր
պահվածքը՝ գլուխը ներքեւ
խոնարհած, ակամայից մտաբերում
էիր վանեցու իմաստուն խոսքը՝
պտղաբեր ծառերուց ճյուղեր
գետնին խոնարհված կլինեն…
Մտերմիկ զրույցներն
ամրապնդում էին այն
համոզմունքը, որ ազնիվ մարդը
դժվար է տանում
անազնվությունը, հաճախ էլ մեն
մենակ, դեմ հանդիման է մնում։
Մտքերը միշտ ինքնատիպ,
իմաստուն էին։ Չասված, չլսված։
Կենդանի լեգենդ գիտնական էր,
այն ժամանակ, այսօր եւ միշտ
հայ լեզվաբանությունը
անհնարին կլինի պատկերացնել
առանց Գրիգոր Ղափանցյանի։ Այս
մեծ գիտնականը
իմացությունների հսկա
կուտակումներ է ներդրել ազգի
գիտական գանձարանում։
Գեւորգ Էմինի խոսքերով ասած՝
«հայի հայկականն էր»։
Մեծ լեզվաբանի ինքնության
առավելապես այս հատկանշականն
է, որ նրան արժանացրել էր հայ
ժողովրդի մյուս մեծի՝ Վիկտոր
Համբարձումյանի ջերմ սիրուն
եւ պաշտպանությանը։
Ինձ հետ ունեցած զրույցներում,
տարբեր առիթներով, նա
անդրադառնում էր «Ղափանցյանի
թեմային» եւ այդ պահերին նրա
կկոցված աչքերում միշտ
կարդում էի հարգանք հայ
ժողովրդի, հայոց լեզվի այդ
երախտավորի նկատմամբ։ Նա միշտ
էլ բարձր էր գնահատում մեր
ազգի նման եզակիներին։ Քանզի
ուներ այդ իրավունքը, ինքը
եւս այն եզակիներից
հազվագյուտ ընտրյալն էր, որով
հայ ժողովուրդը ներկայացել է
աշխարհին, ներկայանում է
պատմությանը։
––––––––––––––––––––––
* Պրոֆեսոր Միքայել Մինասյանը ութ
մեծածավալ մենագրությունների, 70—ից
ավելի բրոշյուրների եւ գիտական
հոդվածների հեղինակ է։ Երկու
տասնյակ տարի վարել է Մ.Հերացու
անվան պետական բժշկական
համալսարանի քաղաքագիտության
ամբիոնը։ Քսան տարի մասնակցել է
Երեւանի գիտության, բարձրագույն
կրթության, մշակույթի
բնագավառների ղեկավարմանը։ Տաս
տարի ղեկավարել է մայրաքաղաքի
գիտական եւ արդյունաբերական
կենտրոն 26 կոմիսարների անվան
շրջանը։
Հայաստանի
Հանրապետություն օրաթերթ
19-06-2008
|
|