ՌՈւԴԻԿ  ՀԱՐՈՅԱՆ

       Ծնվել է 1948թ. ՀՀ Արթիկ քաղաքում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու:      1978 թ.-ից լրջորեն զբաղվել է հայ ավանդական պարերի, պարերգերի, երգերի բանահավաքչությամբ, ազգային տոների, ծիսակատարությունների, խաղերի, պարերի ուսումնասիրությամբ ու գործնականում դրանց վերականգնման, ներդրման աշխատանքներով: Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության <<Ակունք>> (1979-1984), <<Համշեն>> (1984-1985), <<Մարաթուկ>>(1985-1986), <<Նարոյ>> (1986-1999), <<Մասունք>> (1986-1989), <<Հայրիկ Մուրադյան>> (1997-2001) ավանդական երգի-պարի համույթների պարուսույցը, Աշտարակ քաղաքի <<Փերիա>> (1988-1994), 2002 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Արաբկիր հայորդաց տան <<Նիգ>> ավանդական երգի-պարի համույթների գեղարվեստական ղեկավարը: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում 1993թ. հիմնադրել է Ս. Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը և, առաջինը հանրապետությունում, գործնականում իրականացրել է մանուկների զանգվածային  պարային կրթություն` մանկապարտեզից սկսած մինչև ավագ դպրոց և մանկավարժական ուսումնարան` ստեղծելով դրա համար անհրաժեշտ ուսումնամեթոդական ծրագրեր, ինչպես նաև ժողովրդական տոներին ու տոնակատարություններին հատուկ մթնոլորտ: 1987թ. սկսած Երևանում պարբերաբար կազմակերպել է պարատան թեմատիկ հավաք-երեկույթներ, իրականացրել է գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում: Ավանդական պարերի, խաղերի, պարերգերի ուսուցման նպատակով պարբերաբար հրավիրվել է Ֆրանսիա, Պարսկաստան, ԱՄՆ: Հեղինակն է <<Զորի-Զորի>> (1995), <<Զատիկ>> (1996),<<Շեկլիկ փիսիկը>> (2004) գրքերի, ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածների, բեմականացված <<Պաս, թե ուտիս>>, <<Տիկնի պսակ>> թատերախաղերի, Ամանորին, Տրնդեզին, Ծառզարդարին, Զատիկին, Վարդավառին և ազգային այլ տոների հեռուստատեսության նկարահանումների: Ռ. Հարոյանը գործնական աշխատանքներ է տանում ֆոլկլորիկ թատրոնի կայացման, խաղերի միջոցով ազգային երգի, պարի ուսուցման մեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ:  Հայաստանի ազգային պարարվեստի վարչության անդամ է:

 

 

 

 

Մեր հասցեն` Խանջյան 13,  հեռ.` 010 54-15-11, 093 94-93-83

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Copyright © 2006-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են: