| |
|
 |
Գարեգին Նժդեհ
1886-1955
|
ԵՐԲ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ՑԵՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՉԷ
* * *
Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ
այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը:
Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ
մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի
հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր
կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜ պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել,
այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:
*
* *
Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը
բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի
մօտ: Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր
դարձնելու: Բոց ու խանդ - որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է
այդ հայրենասիրութիւնը: Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր»
համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել
վատօրէն:
*
* *
Վերացական է հայկական հայրենասիրութիւնը: Շատերը հայրենիքը փնտռում են
ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա՜ն մօտ է մեզ` մեր ուշադրութեան,
նուիրումին, պաշտամունքին կարօտ: Շատերի համար` Հայաստանը դեռ մի գաղափար
է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան: Մոռանալով այն, որ է՜, որ ապրում է,
որով սիրելի է, սուրբ` նմանները Հայաստանի փոխարէն պատկերում են մի ինչ-որ
կին` սեւերի մէջ, հերարձակ նստած ճամբաների եզրին կամ աւերակների վրայ: Մի
շքեղ տեսիլք, մի երազ, մի քարտէս, բայց ո՜չ մեր ցեղը եւ Հայրենիքը: Այսպէս,
վերացականօրէն խորհելով ու խօսելով Հայաստանի մասին` հայը մառախլապատում է
ո՜չ միայն «հայրենիք» հասկացողութիւնը, այլ եւ` իր ազգային պարտականութիւնն
ու պատասխանատուութիւնը: Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի
հայրենասիրութեան:
* * *
Հայոց հայրենասիրութիւնը
կրում է տօնական, հանդիսային, ազնուապետական բնոյթ: Դա յարմար է
հռետորութեան եւ տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՜չ եւ
Հայաստանին ու հայութեան: Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար
հայրենասիրութեան: Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց
հայրենասիրութիւնը:
*
* *
Վերջերս մէկը գրեց.
«Հայրենիքն է անհատի համար, եւ ո՜չ թէ անհատը` հայրենիքի»: Դա նշանակում է`
հայրենիքը համարել միջոց, անհատը` նպատակ: Դա ասել է` երբ վտանգ կայ, թո՜ղ
կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման
հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է
միայն:
*
* *
Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէն գլխաւորը - դա հայ մարդու
օրուայ ստահայրենասիրութիւնն է: Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս: Ինչո՞ւ
հայկական կազմակերպութիւններից ու հաստատութիւններից շատերը դարձել են
կեղծիքի դպրոց: Ինչո՞ւ - որովհետեւ օրուայ հայը մնում է կտրուած իր
էաբանական արմատից, իր խորքից - իր ցեղից: Դա դեռ չի՜ հասկացել, որ ինքը,
իբրեւ մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականութեան ու միջավայրի -
Ցեղի եւ Հայրենիքի. չի՜ գիտակցել, որ ամեն մարդ իր ցեղից է ժառանգում իր
ֆիզիքական եւ հոգեկան առանձնայատկութիւնները եւ որ իր հերթին նա էլ իր տաք
արիւնը - իր պոտենցիալ անմահութիւնն է կտակում` Յաւիտենականին, որպէսզի
որոշ ոգի եւ դիմագծութիւն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած` որ
ինքը, իբրեւ մարմնահոգեկան կազմուածք` մի ցեղային ժառանգութիւն է: Այդ
գիտակցութեան պակասի պատճառով` զզուելիօրէն կարճաշունչ է օրուայ հայու
հայրենասիրութիւնը - անզօր` նրան մեծ շարժուձեւերի ու գործերի առաջնորդելու:
Պակասաւո՞ր է դա - այդ հայրենասիրութիւնը նաեւ ցեղասիրութիւն չէ - դա իր
մէջ չի՜ պարփակում մեր արեան գաղափարը: Ցե՜ղն է այս կամ այն երկիրը
դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է` մարմին առանց հոգու: Ահա՜ թէ
ինչո՜ւ հայոց հայրենիք ասել է` հայոց ցեղաստան: Մի ժողովուրդ, որ իր
մտածումից եւ հաստատութիւններից դուրս է թողնում ցեղը` հոգեզրկում է իրեն,
հարստահարում է իր մետաֆիզիք էութիւնը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը,
իր հերոսական թափը - խորապէս մեղանչում է իր գոյութեան դէմ: Սուտ ու սնանկ
է նման հոգեթափի հայրենասիրութիւնը, մեռեալ` իր ազգային պարտականութեան ու
պատասխանատուութեան զգացումը:
* * *
Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան
պղծանքից - հայ խաչը, մանուկը, գիրը: Ազգերը չունեն աւելի ճակատագրական
պաշտօնեաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները: Կղեր,
ուսուցիչ, խմբագիր - մեծագոյն օրհնութիւն, եւ չարիք միաժամանակ:
Օրհնութի՜ւն են, երբ ցե՜ղն է վարում սրանց խղճմտանքը, անէ՜ծք, երբ ցեղից
չեն առնում իրենց ներշնչումները: Պղծադաւան է այն հոգեւորականը - որով եւ`
ամենավտանգաւորը ազգի ներքին թշնամիներէն, եթէ իր վարած եկեղեցին նա չի
դարձնում նաե՜ւ ցեղի տունը: Սփիւռքի հայոց եկեղեցիներից շատերում,
յուրախութիւն թուրքի եւ բոլշեւիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման
հաստատութիւնները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն եւ
Հայրենիքին: Պաշտօնապղծութիւն է կատարում ուսուցիչը, որի մարգարէն ցեղամերժ
Մարքսն է, Լենինը: Նմանը` ո՜չ թէ մտածումով, զգացումով ու գործով հայեր,
այլ` հայօրէն սատակներ կը հասցնի վաղուայ համար: Հապա անցեղաշունչ թե՞րթը,
գի՞րքը, որոնց ամբողջ հայկականութիւնը կայանում է նրանում, որ հայատառ են:
Հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին աղմկում են նմաններն էլ, առանց
անդրադառնալու, որ պղծութիւն է կատարում ամեն անհատ, կազմակերպութիւն,
հաստատութիւն, որի մտածումի, զգացողութեան ու գործերի մէջ ցեղը տեղ չունի,
բայց եւ այնպէս` խօսում է ազգի եւ հայրենիքի անունից: Հոգեւոր
չարաշահութի՜ւն եւ անբարոյականութիւններից ամենազազրելի՜ն է դա: Սրա՜նք են
խաթարում մեր ազգային ոգին, մտածողութիւնը, նկարագիրը:
* * *
Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել ա՜յն, որ անհրաժեշտ է
ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար: Ցե՜ղն է մեզ օժտում
յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական
զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՜չ
իր անձի, ո՜չ էլ իր հայրենիքի հանդէպ»:
*
* *
Սիրե՞լ - սիրում են ե՜ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը,
հաճոյքը, յարմարութիւնը - անցողական սակաւարժէք հազար ու մէկ բաներ: Իսկ
Հայրենիքը - դա, իբրեւ գերագոյն արժէք - պատկանում է սրբազան այն
առարկաների կարգին, որոնք պաշտւում են նաե՜ւ: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց
արիւն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՜չ միայն
մեր սիրտը, այլեւ` մեր արիւնը, երբ դա անհրաժեշտ է իր գոյութեան համար:
Սէրն աւելի իրաւունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականութիւն:
*
* *
Մարդիկ աւելի հեշտ են
համերաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրոյ մէջ, որի առարկաները բազում
են, մեծ մասամբ` հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դէպքում` ժողովրդի
մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի
հասկացողութիւնը իր հոգեւոր էութեան, նոյնն է դա իր հայրենիքի մասին:
Նիւթապաշտի հայրենիքը` մի երկրամաս է լոկ եւ ուրիշ ոչինչ: Նմանը սիրում է
իրեն կերակրող ու պատսպարող երկիրը, եւ այդ սահմանափակ, գրեթէ նախնական
սէրը անուանում է հայրենասիրութիւն, որն ունի կենսաբանական, բայց ոչ ե՜ւ
հոգեւոր հիմքեր: Գաղութահայութեան օրուայ պառակտեալ վիճակը ապացոյց եւ
արդիւնք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակ-ցութիւններն ու
հաստատութիւնները շարունակում են ստահայրենա-սիրութիւնը գործածել իբրեւ
կեղծիք, շպար, որով` է՜լ աւելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը,
երբ դա այսօր այնքա՜ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրօշի
տակ: Հաւատա՜նք - Հայաստանից դուրս էլ հայը հա՜յ կը մնայ, եթէ մնաց կապուած
իր ցեղի ճակատագրին: Իսկ դրա համար` օր, ժամ, վայրկեան առաջ հայոց
բառարաններից սրբենք հայրենասէր եւ հայրենասիրութիւն սնամէջ բառերը:
Հայրենիքին, որ ասել է` ե՜ւ ցեղին - վայել է խոր պաշտամունք. նրան
հայրենապաշտնե՜ր են պէտք, որպիսին դառնում են ցե՜ղը, միայն ցե՜ղը
դաւանողները: Այո՜, առանց ցեղասիրութեան չկա՜յ ճշմարիտ հայրենասիրութիւն:
|
|