Համալսարանի նպատակն
ու նշանակությունը
-
Համալսարանի
հիմնական նպատակը ստեղծագործական հակում ունեցող մանուկների, պատանիների և
երիտասարդների համար մասնագիտացված միջավայր և շարունակական կրթության
համակարգում նրանց ինքնակրթության և
ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է, որտեղ նրանք կարող են
հղկել իրենց բնական ունակությունները, հմտանալ երգի, պարի,
նկարչության, արվեստագիտության, թատրոնի և կինոյի ասպարեզներում:
-
Համալսարանը
լավագույն միջավայրն է վաղ տարիքից երեխաների շնորհները օգտագործելու,
զարգացնելու և պատանեկության շրջանում ճիշտ ուղղություն տալու համար:
Ինչպես բոլոր ասպարեզներում, նույնպես և արվեստում, բարդագույն խնդիրները լուծելու
ամենակարճ ճանապարհը կրթությունն է. ընդհանուր կրթությունը, մասնագիտական
կրթությունը և ամենաբարձրակարգ ձևը` ինքնակրթությունը:
Առանձնապես արվեստը, որի ամենաբնորոշ գիծը ինքնատիպությունն է ու անհատականությունը,
պահանջում է մասնագիտական կրթությունը կազմակերպել ավելի դաստիարակության, քան
իմացության ճանապարհով: Այդ իսկ պատճառով, ձերբազատվելով խորհրդային
կրթությանը հատուկ մեկ ուղղության արվեստագետ
պատրաստելու ձևից, նախընտրել ենք ազատ ստեղծագործական դաշտ ստեղծել նոր ձևավորող
արվեստագետների համար` ուղենիշ ընդունելով
բազմազանությունը և հենց հարուստ բազմազանության արգասիքը հանդիսացող
ներդաշնակությունը:
Այդ առումով մեր գլխավոր նպատակը բեմական բարձրակարգ մասնագետների պատրաստման
կրթական միձավայրի ստեղծումն է, ովքեր հմտորեն պիտի կարողանան տիրապետել բեմարվեստի
իմաստասիրությանը, անհատական ու հասարակական դրսևորումներին, ինքնուրույն
կարողությանը` իր մասնագիտական տեղը գտնելու այս աշխարհում:
Մանկավարժական աշխատանքը շարունակվում է գեղարվեստական արժեք ստեղծելով, որը
գործնականորեն իրականացվում է համալսարանի համակարգում գործող <<Ունիվերսալ թատրոն>>
-ի շրջանակներում:
Համալսարանի
հիմնական
խնդիրներն են.
ա/
8-13տ. ստեղծագործական տարբեր ընդունակություններ և նախասիրություններ ունեցող մանուկների
և երեխաների գեղագիտական կրթության կազմակերպումը համալսարանին կից
քոլեջ-ստուդիայում, որտեղ գործում են արվեստի տարբեր ճյուղերի խմբակներ:
բ/
Դպրոց-ստուդիայի ուսումնական բաժիններն ավարտած պատանիների ու աղջիկների, ինչպես
նաև հանրակրթական դպրոցն ավարտած և տվյալներ ունեցող շրջանավարտների մասնագիտական
կողմնորոշումը քոլեջ-ստուդիայում:
գ/
Բեմարվեստի մանկավարժության բնագավառում մասնագիտանալու ցանկություն ունեցող անձանց
խոր և տարբերակված մասնագիտացումը բեմարվեստի մանկավարժական համալսարանում:
դ/ Մշտապես
գործող մի ինքնատիպ թատրոնի կայացումը` մշտական աշխատակազմով և երկարաժամկետ
բազմաբնույթ խաղացանկով:
|